Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:
Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզնական շրջանում ապստամբությունը ղեկավարվում էր Վասակ Սյունու կողմից։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:POSTED INՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, UNCATEGORIZED