18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:
Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկական ընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝ հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին նավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետության կարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:
Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում է Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովն ընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորը համաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:
1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանի բանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում է Հնդկաստան: