ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։